Իջնում է մի ծեր, ծանր լռություն,
Մի իմաստնացած խոնջություն կարծես
Աշխարհի վրա…
(Որից աշխարհի կոպերը կամաց
Հանգչում են արդեն):
Եվ իմաստնացած լռությանն ընդդեմ՝
Պայթում է ասես ողբերգու մի ծես,
Որում այրերը իգապար բռնած՝
Թրև են գալիս շուրջը աշխարհի,
Եվ վեղարակիր բորենիները
Վայրի ոռնոցով «խնկարկում» են ընկնողի համար:
ՈՒ գալարվում է այս ծեսն անառակ,
(Եվ ի՞նչ իմանաս՝ որքան ժամանակ),
ՈՒ գալարվում է լռությունը ծեր,
ՈՒ իմաստնացած խոնջությունը մեր
Ծանր նստում է աշխարհի վրա,
(Աշխարհի վրա նստում է ծանր)…
(Որից աշխարհի ունկերը կամաց
Մարում են արդեն):
Շարունակվում է, սակայն ծեսն այս բիրտ,
Բուրում է բուրվառն անբույր մահահոտ,
Այստե՛ղ, ամենո՜ւր մեռելահովիտ՝
Հոշված հոգիներ ու դիեր արնոտ:
Այստե՛ղ, ամենո՜ւր պոռնիկ մի շուրջկալ
Իր մեջ է առել կյանքեր բազմաբյուր,
Եվ աղերսվում է մեր բախտը տկար
Այս ժամանակին՝ անդեմ, թույն ու թյուր:
Եվ աղերսվում է մեր բախտը ցավոք,
Մի զոմբիացած ծիսական երթի,
Որտեղ այրերը էգ են անբողոք՝
Սպասող իրենց վախճանի հերթին:
…Իջնում է մի ծեր, ծանր լռություն
Աշխարհի վրա.
(Ահա, բարի լուր)՝
Աշխարհի վրա համբերությունը
Հատնում է կամաց:
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ